Աուդիտի հասկացողություն
Ինչ է աուդիտը: Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության անկախ ստուգում է, որի արդյունքում տրվում է աուդիտորական եզրակացություն:
Ինչ է աուդիտորական եզրակացությունը: Աուդիտորական եզրակացությունն աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթն է, որում պետք է արտահայտվի կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է, որի հրապարակման անհրաժեշտությունը սովորաբար որոշում է աուդիտի ենթարկվող անձը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (պարտադիր աուդիտի դեպքերում):
Որն է աուդիտի նպատակը: Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին` կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ով է աուդիտի ենթարկվող անձը: Այն տնտեսվարող սուբյեկտն է (իրավաբանական անձը, հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը), որի մոտ իրականացվում են աուդիտորական ծառայություններ:
Ինչ են ֆինանսական հաշվետվությունները: Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են, Ֆինանսական հաշվետվություններըը ներառում են`
- հաշվապահական հաշվեկշիռը
բնութագրում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպության ֆինանսական վիճակը, և որի գնահատման հետ անմիջականորեն կապված տարրերն են
1. ակտիվները,
2. սեփական կապիտալը
3. պարտավորությունները.
- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը
բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքները, որի հետ անմիջականորեն կապված տարրերն են եկամուտները և ծախսերը.
- սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը
բնութագրում է կազմակերպության սեփական կապիտալի հոդվածների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարժը հաշվետու ժամանակաշրջանում.
- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը բնութագրում է դրամական միջոցների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարժը հաշվետու ժամանակաշրջանում.
- ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները
բացահայտում են կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը և հաշվապահական հաշվառման ստանդարտներով պահանջվող այլ տեղեկատվություն:
Որն է ֆինանսական հաշվետվությունների նպատակը
Ֆինանսական հաշվետվությունների նպատակն է կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովելը, որը նրանց օգնում է տնտեսական որոշումներ կայացնելիս:
Ովքեր են ֆինանսական հաշվետվություններն օգտագործողները
- սեփականատերեր (հիմնադիրներ, փայատերեր)
- ներկա և պոտենցիալ ներդրողներ,
- կառավարչական անձնակազմ և աշխատողներ,
- պետական մարմիններ,
- մատակարարներ,
- փոխատուներ,
- հասարակություն և ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներ:
Ինչ է աուդիտորական դիտարկումը
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացումն է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորինª պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սովորաբար ի տարբերություն աուդիտի, դիտարկումը չի նախատեսում աուդիտի ընթացքում, որպես կանոն, իրականացվող այնպիսի ընթացակարգեր, ինչպիսիք են հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի գնահատումը, ստուգումներով, դիտարկումներով և կատարված հաշվարկներով հիմնավորված ապացույցների ձեռքբերման միջոցով հաշվապահական գրանցումների և կատարված հարցումների պատասխանների ճշգրտության ստուգումները:
Ինչ են համաձայնեցված ընթացակարգերը
Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգերի իրականացումն են, որոնց շուրջ համաձայնության են եկել այդ ընթացակարգերն իրականացնող անձը, տնտեսվարող սուբյեկտըը և համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումները:
Ինչ է կոմպիլյացիան (տեղեկատվության հավաքգրումը)
Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքագրումը, դասակարգումն է և ամփոփումըª այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով:
Ինչ են աուդիտի ստանդարտները
Դրանք աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող, աուդիտի անցկացման, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտեր են:
Ներկայումս ՀՀ-ում աուդիտորական գործունեության հետ կապված պայմանները կանոնակարգվում են հետևյալ իրավական ակտերով.
- ՙԱուդիտորական գործունեության մասին՚ ՀՀ օրենք,ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 26-ին,:
- ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի ՙԱուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի ձևը հաստատելու և վարման կարգը սահմանելու մասին՚ N 122-Ն որոշում,
- ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի ՙԱուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային, ինչպես նաև տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգը հաստատելու մասին՚ N 201-Ն որոշում,
- ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 18-ի ՙԱուդիտորի վարքագծի կանոնները հաստատելու մասին՚ N 499-Ն որոշում,
- ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 21-ի ՙԱուդիտի ստանդարտները հաստատելու մասին՚ N 509-Ն որոշում:
Աուդիտի ստանդարտների ցանկը
Հ/Հ | Աուդիտի ստանդարտներ | Հայաստանյան Համարը | Միջազգային Համարը |
---|---|---|---|
1 | Աուդիտի ստանդարտների շրջանակները | 120 | 120 |
2 | Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները | 200 | 200 |
3 | Աուդիտի անցկացման պայմանները | 210 | 210 |
4 | Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը | 220 | 220 |
5 | Փաստաթղթավորումը | 230 | 230 |
6 | Խարդախություն և սխալներ | 240 | 240 |
7 | Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը | 250 | 250 |
8 | Պլանավորումը | 300 | 300 |
9 | Գործիմացությունը | 310 | 310 |
10 | Էականությունն աուդիտում | 320 | 320 |
11 | Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը | 400 | 400 |
12 | Աուդիտի անցկացումը համակարգչային տեղեկատվական համակարգերի միջավայրում | 401 | 401 |
13 | Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները | 402 | 402 |
14 | Աուդիտորական ապացույցներ | 500 | 500 |
15 | Աուդիտորական ապացույցներ – հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ | 501 | 501 |
16 | Արտաքին հաստատումները | 505 | 505 |
17 | Սկզբնական աուդիտ – սկզբնական մնացորդներ | 510 | 510 |
18 | Վերլուծական ընթացակարգեր | 520 | 520 |
19 | Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը | 530 | 530 |
20 | Հաշվապահական գնահատումների աուդիտ | 540 | 540 |
21 | Կապակցված կողմերը | 550 | 550 |
22 | Հետագա դեպքերը | 560 | 560 |
23 | Կազմակերպության գործունեության անընդհատությունը | 570 | 570 |
24 | Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը | 580 | 580 |
25 | Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը | 600 | 600 |
26 | Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրությունը | 610 | 610 |
27 | Փորձագետի աշխատանքի օգտագործումը | 620 | 620 |
28 | Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը | 700 | 700 |
29 | Համեմատություններ | 710 | 710 |
30 | Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը | 720 | 720 |
31 | Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը | 800 | 800 |
32 | Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը | 810 | 810 |
33 | Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկման աշխատանքներ | 910 | 910 |
34 | Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ | 920 | 920 |
35 | Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա | 930 | 930 |